Blog

Armenian Cultural Treasures: Charmahal and Kessab (In Armenian)

3Հայ Մշակոյթի Գանձեր՝ Չարմահալ Եւ Քեսապ

Հայաստանից դուրս ձեւաւորուած հայկական համայնքները մեր ժողովրդի անքակտելի մասն են կազմում: Այդ համայնքների գոյութիւնը վառ վկայութիւնն է այն իրողութեան, որ հայ զանգուածները, որոնք պատմութեան այս կամ այն ժամանակաշրջանին այլեւայլ պատճառներով պարտաւորուած ձգել են իրենց հայրենի տունն ու օջախը, ո՛ւր էլ որ բնակութիւն են հաստատել, պահել ու պահպանել են իրենց ինքնուրոյնութիւնը: Նրանք իրենց հետ տարել ու ապրեցրել են իրենց լեզուն, կրօնը, հնամենի սովորութիւնները, ապրելակերպը, ծէսերն ու կենցաղավարութիւնը:

Այս համայնքները, ապրելով իրենց հայրենիքից հեռու ու մօտ օտար երկրներում, իրենց ազգային դիմագիծն ու ինքնութիւնը անաղարտ կերպով պահպանելուն զուգընթաց նաեւ դրսեւորելով ճկունութիւն, բնածին աշխատասիրութիւն եւ նուիրուածութիւն՝ միաժամանակ իրենց որոշիչ ներդրումն են ունեցել իրենց բնակութիւն հաստատած երկրների, քաղաքների ու նոյնիսկ գիւղերի զարգացման ու բարգաւաճման բոլոր ոլորտներում: Նրանք մշտապէս մասնակից են եղել այդ երկրների տնտեսական, հասարակական եւ մշակութային զարգացումներին եւ արժանացել տեղացիների վստահութեանն ու յարգանքին:

Մշակոյթի ամսուայ առիթով, ՀՕՄի «Սիփան» մասնաճիւղը մտայղացում ունեցաւ այս տարի մեր հանդիսատեսին ներկայացնել վերոնշեալ համայնքներից ու հայրենիքից դուրս հայօրէն ապրող շրջաններից Քեսապն ու Չարմահալը: Քեսապը՝ որպէս Պատմական Հայաստանի մինչեւ օրս վերապրող հայկական գաղութ, իսկ Չարմահալը՝ որպէս երբեմնի բարգաւաճ, բայց այսօր հայերից պարպուած մի շրջան:

Բաղդատութիւնը վկայում է, թէ մայր բուն ծառից հեռու ընկած ու բաժանուած այս երկու ճիւղերն էլ կառչած մնալով իրենց ինքնութեանը՝ զարմանալիօրէն նման են իրար ու ազգապահպանման նոյն ձգտումով պահպանել են իրենց էութիւնն ու հայկականութիւնը: Նրանց ծէսերը, կենցաղը եւ անգամ ուտեստը յիշեցնում է նրանց միեւնոյն ակունքի մասին:

Ձեռնարկը տեղի է ունենալու Կիրակի, Նոյեմբերի 2ին, կ.ե. ժամը 2-5: Հանդիսատեսը պիտի վայելի այս երկու հայկական շրջանների ուտեստների ցուցանմոյշները. նաեւ ցուցադրութեան են դրուելու նկարներ, տեսաժապաւէններ, արձանիկներ, ուտելիքների սպասք, տարազներ եւ այլ մասունքներ, որոնք հայ ընտանիքները իրենց հետ բերել ու պահպանել են մինչեւ այսօր:

Ձեռնարկը ունի նաեւ դասախօսական բաժին, ուր պիտի ներկայացուեն երկու շրջանները: Մուտքը ազատ է ու մեր բոլոր հայրենակիցները սիրով հրաւիրւում են մասնակցելու այս բացառիկ ձեռնարկին, որը տեղի է ունենալու Գլենդելի «Գարամանուկեան» Երիտասարդական կենտրոնի «Գազանճեան» սրահում: Հասցէ՝ 211 W. Chestnut St., Glendale, CA 91204։

Photos

Post a comment